Կառավարության հապաղման պատճառով Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտ ընդունված երկու երիտասարդներ զրկվել են անվճար ուսում ստանալու հնարավորությունից: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա իր հայտարարությունում, մասնավորապես, նշում է.
«2016 թվականին Հայաստանից երկու երիտասարդներ՝ Անդրանիկ Սարգսյանն ու Սմբատ Մանուկյանը, շատ բարձր գնահատականներով ընդունվել են Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտ, որտեղ տարեկան ուսման վճարը 3400 դոլար է: Եթե Հայաստանի ԿԳ նախարարության եւ Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտի միջեւ ժամանակին կնքված լիներ անհրաժեշտ համաձայնագիրը, ինչպես առկա է նախկին որոշ խորհրդային պետությունների հետ, ապա այս տղաներն իրենց ուսումը կշարունակեին անվճար: Այս մասին տղաներին ասել են նշված ինստիտուտում:
Ո՞ւմ պատճառով է հապաղել ստորագրման գործընթացը, որի հետեւանքով այս ընտանիքները ստիպված են լինելու իրենց չեղած միջոցները ներդնել այս շնորհալի տղաների բարձրագույն կրթությունը նման հեղինակավոր ԲՈՒՀ-ում ապահովելու համար կամ պարզապես չեն ստանա այդ կրթությունը: Այն, որ նրանք շնորհալի են, փաստում են ընդունելության քննությունների ժամանակ նրանց ստացած բարձր գնահատականները, ինչպես նաեւ այն, որ մասնավորապես Անդրանիկ Սարգսյանի ստեղծած բազմաթիվ հիշարժան քանդակներից «Հաց»-ը այսօր զարդարում է Ստեփանակերտը, քանդակի տեղադրումը տեղի է ունեցել Առաջին տիկնոջ եւ Երեւանի քաղաքապետի բարձր հովանու ներքո: Այսօր պետության կողմից գործընթացը ձգձգելու պատճառով Անդրանիկ Սարգսյանի՝ կրթություն ստանալու հնարավորությունը դրվում է հարցականի տակ, որովհետեւ ուսման վճարի գումարը ընտանիքը չի կարողանում հայթայթել:
Այսպիսով՝ կարծում եմ, որ տղաները ՀՀ ԿԳՆ-ի մեղքով են ստիպված լինելու իրենց անվճար կրթությունը վճարովիով փոխարինել: Արդարացի կլինի, եթե ՀՀ կառավարությունն իր վրա վերցնի այդ պարտավորությունը:
Հ.Գ.Տղաների դասերն սկսվելու են հոկտեմբերի 1-ից: Սպասում եմ արագ արձագանքի:
.jpg)
Նկարում Անդրանիկ Սարգսյանն է՝ Ստեփանակերտում տեղադրված «Հաց» քանդակի հետ

Անդրանիկ Սարգսյանի քանդակներից




























