Հայաստանի վարչապետի թեկնածուի (Կարեն Կարապետյան, խմբ.) ընտրության հարցում մեծ դեր է խաղացել վրացական մոդելը։ Այս մասին սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։
Նրա խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը տեղի է ունեցել տնտեսական աճի անկման պատճառով։ Սեդրակյանը նշեց, որ մեծ դեր են խաղացել նաեւ ապրիլյան պատերազմն ու հուլիսյան դեպքերը (ՊՊԾ գնդի գրավում)։ «Սոցիալական դժգոհությունը հաղթահարելու համար պետք է առնվազն սպասման գոտի գտնել։ Ինձ թվում է, որ վարչապետի թեկնածուի ընտրության հարցում մեծ դեր է խաղացել վրացական մոդելը։ Սակայն մենք մոռանում ենք, որ Հայաստանի տնտեսական խնդիրների 50-60 տոկոսը ընտրած տնտեսական մոդելի մեջ է»,– ասել է Անուշ Սեդրակյանը եւ հավելել, որ կառավարության փոփոխությունը հաստատ մեկ խնդիր կլուծի՝ հասարակական դժգոհությունը կվերածի հասարակական սպասման։




























