Բացի Կոնյակի գործարանից մնացած գործարանների հետ խաղողագործները չունեն պայմանագրային պարտավորություններ. մթերող ձեռնարկությունները չեն կնքում պայմանագիր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:

Նրա խոսքով, բոլոր խնդիրների սկզբաղբյուրը դա է, երբ խաղողագործը չգիտի՝ ով պետք է իր խաղողը գնի, ինչ պայմաններում, եւ ինչ գնով:

«Խաղողագործ-մթերող ձեռնարկություն կապը չկա: Մթերող ձեռնարկություններն էլ իրենց խնդիրներն ունեն, բայց ամեն պատճառի հետ մեկտեղ, պետք է հաշվի առնել, որ առանց պայմանագրի գյուղացին չի կարող վաճառել իր խաղողը»,-ասաց նա:

Արտակ Սարգսյանը խոսքով, երկրորդ կարեւոր խնդիրը շուկայում կեղծ հումքի առկայությունն է. «Բոլորն ասում են, որ ներմուծվում է էժանագին սպիրտ, մենք չենք կարողանում գյուղացուց խաղողը գնել, վերածել սպիրտի ու վաճառել, որովհետեւ մրցունակ չենք: Պետք է հնարավորություն ստեղծել, որ վերամշակող ձեռնարկությունները հզորանան եւ կարողանան գյուղացուց խաղող գնել»:

Երրորդ խնդիրը, ըստ նրա, պետական աջակցության բացակայությունն է. «Ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը սուբսիդավորվում է, որովհետեւ ռիսկը մեծ է: Եթե մթերող ձեռնարկությունը կարողանում է 130 դրամ գին սահմանել, պետությունն էլ պիտի 30-50 դրամ սուբսիդավորի, որպեսզի ստիպված չլինի խաղողագործն իր ապրանքն ինքնարժեքով վաճառել»: