Վարչապետին փոխելը հազիվ թե բավարարի հանձնված զինված խմբին: Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը եւ նրա փոխարեն Կարեն Կարապետյանի առաջադրումը:

Զինված խումբը («Սասնա ծռեր» – խմբ.) պահանջում էր գործադիր իշխանության հրաժարականը, բայց բոլորին հայտնի է, որ ներկայիս Հայաստանում գործադիր իշխանությունը ոչ թե վարչապետի ձեռքում է կենտրոնացած, այլ նախագահի: Եվ իշխանությունը փոխվում է նախագահի հետ, այլապես վարչապետի պաշտոնում կարող են միայն դեմքերը փոխվել, իսկ քաղաքականությունը կմնա նախկինը, հավելել է նա:

«Այնպես որ, կարծում եմ՝ ակտիվիստներն իրենց պահանջներից չեն հրաժարվի»,- հայտարարել է Ենոքյանը: