Վերջին երկու տարիներին սրընթաց աճ է ապրել արտագաղթը, աղքատությունը, գործազրկությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով վաչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին:
«Այս պահին կոռեկտ չեմ համարում գնահատական տալ Հովիկ Աբրահամյանի գործունեությանը: Իր գործունեության մեջ եղել են եւ դրական, եւ բացասական բաներ, այլ բան է, որ թվային տվյալները եղել են մտահոգիչ եւ գնալով մեր երկրում արտագաղթն ավելացել է: Վերջին երկու տարիներին սրընթաց աճ է ապրել արտագաղթը, աղքատությունը, գործազրկությունը: Եվ ամենակարեւորը՝ երբ համադրում ենք փաստերը, տնտեսական անկում է արձանագրվել»,- ասաց նա:
Անդրադառնալով նոր վարչապետից ունեցած սպասելիքներին, Հովհաննես Մարգարյանը նշեց, որ կարծում է՝ անձից շատ բան է կախված:
«Ամեն ինչ ժամանակը ցույց կտա , աշխատանքը կլինի, կտեսնենք: Կլինի աշխատանքը, կլինի մեր գնահատականը»,- ասաց նա:
Հովհաննես Մարգարյանը կարծիք հայտնեց, որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում:
«Մենք տեսնում ենք՝ ինչ կատաստրոֆիկ վիճակում է հայտնվել երկիրը: Արտաքին պարտքն արդեն իսկ հասնում է 6 միլիարդ դոլարի, երբ մեր բյուջեն 2,5 միլիարդ է, երբ գործազրկությունը խեղդում է ժողովրդին, երբ ՀՀ կապիտալի տասը միլիարդ արտահոսք է եղել: Այս պարագայում պետք էր հիմնովին, լուրջ քայլեր ձեռնարկել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել նախորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին՝ պատճառաբանելով, որ իրեն չի հաջողվել վերացնել հասարակության բեւեռացվածությունը: Նոր վարչապետի միակ թեկնածուն Կարեն Կարապետյանն է: ՀՀԿ խորհրդի նիստում սեպտեմբերի 8-ին հավանություն է տրվել վարչապետի պաշտոնում նրա թեկնածության առաջադրմանը:




























