ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից այսօր՝ սեպտեմբերի 9-ին, շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ:
Նշենք, որ այս նախագծի վերաբերյալ նախօրեին աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Զարուհի Փոստանջյանի եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների ու քաղաքական հայացքների համար հետապնդվողների հարազատների հետ:
Ստորեւ ներկայացնում ենք այդ նախագիծը:
ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը
Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ
Իշխանության միակ աղբյուրը հանդիսանում է ժողովուրդը: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Այս հանրահայտ իրավունքի դրույթը նորագույն Հայաստանի քաղաքացիների համար քառորդ դար շարունակ մնացել ու մնում է անհասանելի:
Հայաստանում հանրային իշխանություն իրականացնելու համար նախատեսված հանրային-պետական կառավարման ինստիտուտները` նախագահ, կառավարություն, խորհրդարան, չեն ձեւավորվել ազատ ընտրությունների միջոցով եւ չեն գործում պաշտոնատար անձանց օրինական լիազորությունների ներքո: Դատական իշխանությունը նույնպես ձեւավորված չէ օրինականության սկզբունքով, հետեւաբար` չի կարող ծառայել ժողովրդին:
Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Այս հանրահայտ իրավունքի դրույթը եւս Հայաստանում երկու տասնամյակից ավելի խախտված է:
Իշխանության յուրացումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ նրանց սպասարկող քաղաքական կազմակերպությունների կողմից: Ստեղծված համակարգը վերափոխված խորհրդային բռնակալական քաղաքական կարգի եւ իրականացրած քաղաքականության նոր դրսեւորումն էր, որը հակասում է հայ ժողովրդի շահին եւ նպատակներին:
Ընդունում ենք այն հայտնի ճշմարտությունը, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար, օժտված են Արարչի կողմից որոշ անօտարելի իրավունքներով, որոնց թվում են կյանքի, ազատության եւ երջանկության ձգտումը: Այս իրավունքները ապահովելու համար մարդիկ հիմնադրում են կառավարություն` հանրային իշխանություն, որն իր օրինական լիազորությունները պետք է ստանա ղեկավարվողների համաձայնությամբ: Իսկ երբ կառավարությունը դառնում է կործանարար այս նպատակների իրականացման համար՝ ժողովուրդն իրավունք ունի փոխել կամ լուծարել, վերացնել այն, եւ հիմնել նոր կառավարություն, որի հիմքում ընկած են այնպիսի սկզբունքներ եւ իշխանության կազմակերպման այնպիսի ձեւեր, որոնք իր պատկերացումներով լավագույն կերպով կապահովեն ժողովրդի անվտանգությունն ու երջանկությունը:
Հայ ժողովուրդը օրինական լիազորություններ չի տվել ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին, եւ ո՛չ էլ նրանց սպասարկող ՀՀՇ-ին ու ՀՀԿ-ին: Նրանք իշխանությունը բռնազավթել են: Բռնազավթիչների դեմ պայքարում ժողովուրդն օգտագործել ու սպառել է հնարավոր բոլոր միջոցները եւ դիմել է վերջին միջոցին` ապստամբելու իրավունքի իրացմանը:
2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում յուրաքանչյուր անձ պարտականություն ունի դիմադրություն ցույց տալու ցանկացած հրամանի, որը վնասում է անձի իրավունքներին, ազատություններին եւ դրանց երաշխիքներին, նաեւ իրավունք՝ օգտագործելու ուժ լ ագրեսիան կանխելու համար:
Հայ հասարակության պարտականությունն է ապստամբության միջոցով ոչնչացնել քաղաքական այն համակարգը, որը չի համապատասխանում իր շահերին եւ նպատակներին։
Ապստամբության եւ դիմադրության միջոցով հնարավոր է կանխել աղետը` թուրքական եւ ծավալապաշտական հարձակումները, ինչը հայ ժողովրդին սպառնում է նոր ցեղասպանությամբ եւ հայրենազրկմամբ:
2016 թվականի ապստամբության եւ դիմադրության առանձնահատկությունները ազգային-ազատագրական եւ ժողովրդական նպատակներն են` պայքար գաղութատիրության դեմ, տարածքային ամբողջականության վերականգնում եւ ժողովրդավարության ու սահմանադրականության ձեւավորում:
2016 թվականի ապստամբությունը եւ դիմադրությունը հայտարարում է օտարներից կախվածության վերացման եւ անկախ, միասնական, Հայկական պետության կազմավորման մասին: Ապստամբության պահանջն է հիմնել ժողովրդական ինքնիշխանության, ժողովրդավարության եւ հանրապետականության սկզբունքների վրա հիմնված անկախ Հայկական պետականություն:
Իրավական համակարգը նախատեսում է երաշխիքներ բռնապետության, իշխանության յուրացման, առանց ժողովրդի համաձայնության սահմանադրական կարգի փոփոխության դեմ: Այդպիսի երաշխիքը ապստամբության հանրահայտ իրավունքն է:
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը.
• Համերաշխություն է հայտնում «Սասնա Ծռեր» խմբի ապստամբության առաջադրած պահանջներին,
• Դատապարտում է «Սասնա Ծռեր» ժողովրդական ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները,
• Պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր խղճի բանտարկայլներին եւ դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը:



























