Վարչապետի գործունեության համար առաջին հերթին կարեւոր է նրա ֆունկցիոնալ ազատությունն ու Սահմանադրությամբ իրեն վերագրված հնարավորությունների եւ իրավունքների օգտագործումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանին կհաջողվի շտկել երկրում ստեղծված ծանր սոցիալ- տնտեսական վիճակը:
«Եթե այդ իրավունքները լիարժեք լինեն ու այլ հարվածների չենթարկվեն, նրա գործունեությունը կլինի արդյունավետ: Եթե ցանկացած որոշման դեպքում համաձայնեցումներ ստանա տարբեր ուժերի կողմից, հավատացեք, արդյունավետ չի լինի: Այլ երկրներում կառավարություններն առավել արդյունավետ են աշխատում հենց այդ ազատության շնորհիվ: Այլ պատկեր կունենանք, եթե օրինակ, Կարեն Կարապետյանը տարբեր շահերի բախվելիս չընկրկի, իսկ նախագահն էլ իրեն պաշտպանի: Կարեն Կարապետյանը ճկուն անձնավորություն է, լավ մենեջեր է, տնտեսագետ, բայց ավելի ամենամեծ լծակն այն է, որ Սահմանադրությամբ նրան վերագրված ազատությունները կյանքի կոչվեն»,- ասաց նա:
Ըստ Գագիկ Մակարյանի՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականով իշխանությունը փորձում է նոր խաղացողներ ներգրավել, որոնք կարող են առաջ քաշել այն մոտեցումը, որ խառը տիպի կառավարություն լինի. «Այդ կառավարությամբ տարբեր խավերի շահեր լիարժեք կներկայացնեն ազգային համաձայնեցված իշխանության շրջանակում, որն այնպիսի քայլեր կատարի, որ առաջին հերթին արձագանքի առկա խնդիրներին եւ դրանց ճիշտ լուծումներ տա, ինչպես նաեւ համաձայնեցված վիճակ ստեղծի: Այսինքն ֆորմալ չլինի, մարդիկ դժգոհ չլինեն: Սա հատկապես կարեւոր է, քանի որ հաջորդ տարին կարեւոր է եւ երկրի խաղաղ վիճակը անհրաժեշտ է լինելու»:
Գագիկ Մակարյանը բացառեց նաեւ, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը կապված է տնտեսական անկման հետ: Գործատուների միության նախագահը հիշեցրեց, որ տնտեսական աճն ու անկումը մեծապես կախված են նախորդ տարիներից:
«Վերջին հաշվով, Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 2,5 տարիների ընթացքում տնտեսական ընդհանուր աճը վատ չի եղել, Հովիկ Աբրահամյանը լավ է աշխատել»:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել սեպտեմբերի 8-ին: Նրա փոխարեն վարչապետ կնշանակվի Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:



























