Վարչապետի պաշտոնին Կարեն Կարապետյանի թեկնածությունը արդարացված է: Այս մասին սեպտեմբերի 9-ին մամուլի ասուլիսին ասել է «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով Կարեն Կարապետյանը հայկական կադր է: «Եթե նա վերջին տարիներին աշխատել է Ռուսաստանում, դա չի նշանակում, որ նա ռուսական կադր է: Ես վստահ եմ, որ նա իր սկզբունքներն ունի ու սիրում է իր հայրենիքը: Կարծում եմ, որ այն ամենն, ինչ ասվեց, կարվի:

Հույս ունեմ, որ Հայաստանը Սինգապուրին կնմանվի», - նշեց Մկրտիչ Մինասյանը:

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ Կարեն Կարապետյանը կգտնի մեթոդներ ու հնարավորություններ, որոնց միջոցով կապահովի Հայաստանի զարգացումը:

Նշենք, որ Կարեն Կարապետյանը Երեւանի նախկին քաղաքապետն է եղել ու «Արմռոսգազպրոմ» ՓԲԸ-ի նախկին ղեկավարը: Ավելի ուշ Կարապետյանը զբաղեցրել է «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի՝ ռազմավարական ու զարգացման հարցերով տեղակալի պաշտոնը:

Երեկ, սեպտեմբերի 8-ին, ՀՀԿ-ն խորհրդի նիստի ժամանակ հաստատեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնին:

Սեպտեմբերի 8-ի առավոտյան Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի վերջում հայտարարեց, որ հրաժարական է տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից: