«Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանին կալանավորել են ոչ թե զինված խմբին հաց տանելու համար, այլ օրեր շարունակ նրանց մոտ գտնվելու եւ իր գործունեությամբ նրանց օժանդակելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:

«Նրան մեղադրանք է առաջադրվել զինված խմբին օժանդակելու համար: Նրա մեղադրանքի նկարագրությունը չի արտացոլվում հաց տանելով: Նա օրեր շարունակ գտնվել է զինված խմբի հետ եւ տեղում իր համապատասխան գործունեությամբ ապահովել է զինված խմբի հանցավոր գործողության արդյունավետությունը: Հաց տանելը չի կարելի մարդկայնորեն սխալ կամ վատ բան համարվել, բայց կոնկրետ իրավիճակում մենք չունեինք սովի մեջ մեռնող մարդիկ եւ կոնկրետ այդ անձը գտնվում է քրեակատարողական հիմնարկում ոչ հաց տանելու համար եւ հաց տանելը չի դատապարտվել»,-ասաց նա:

Լրագրողի հարցին՝ Արթուր Սարգսյանն ասել է՝ փորձել է դուրս գալ, բայց իրեն թուլ չեն տվել, Արթուր Դավթյանը նշեց, որ քրեական գործում այդպիսի տեղեկություններ չկան. «Քննությունն այդպիսի տեղեկություններ չունի, ես չգիտեմ որտեղից ձեզ այդ տեղեկությունները»:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանության պատը եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին: Նա մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ: