ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր որոշմամբ է մտել նախագահի մոտ եւ հանդես եկել իր հրաժարականի առաջարկով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ  Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ազատման խնդիրը եղել է վարչապետի որոշումը, ինքն իր ելույթում հստակ մեկնաբանություններ տվեց։ Առանձնազրույցի ժամանակ ասաց, որ  տեմպերը, որ սպասում էր ինքը, իրեն գոհացնող չէին: Գաղտնիք չէ, որ այս 2 տարվա եւ մի քանի ամսվա ընթացքում Հովիկ Աբրահամյանը ոչինչ չխնայեց, աշխատեց, որ կառավարության առջեւ դրված բարեփոխումները իրագործելու համար մեծ աշխատանք կատարեց, որոշ մասը ստացվեց, մյուս մասը ճանապարհին էին, բայց բոլոր մարտահրավերները՝ աշխարհաքաղաքական, ներքին, արտաքին, ռազմական մարտահրավերները, հասարակության բեւեռացումը եւ տնտեսական բարեփոխումների տեմպերը նրան չէին բավարարում եւ ինքն իր մեջ ուժ գտավ, որ հրաժարականի դիմում ներկայացնի, բարձրաձայնեց նաեւ, որ պատրաստ է օժանդակել նոր ստեղծվող կառավարությանը: Ֆիքսեմ, որ ոչ բոլորի մոտ է այդ ուժը, որ ինքնակամ հրաժարվի վարչապետի պաշտոնից: Պետք է նաեւ քաղաքական, ըմբռնումով մոտեցում, որ ինքը կարողացավ գնահատել այսօրվա հնարավորությունները եւ դիմում գրեց: Դա եղել է բացառապես իր որոշումը եւ ինքն է մտել նախագահի մոտ եւ այդ առաջարկով հանդես եկել»,- ասաց նա։

Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ Հովիկ Աբրահամյանը շփվել է հանրության, քաղաքացիական հասարակության հետ, չի զլացել հանդիպումներից։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, ծրագրերի փոփոխության կարիք կա։

 «Ժամանակը չի սպասում, հապաղելու իրավունք չունենք, հանրությունը պիտի անմիջապես զգա, իսկ եթե հանրությունը չի զգում, ապա խնդիրներն ավելի են ավելանում, եւ, բնականաբար, ինքը նույնպես այդ գնահատականը զգաց եւ ներկայացրեց իր հրաժարականը»,- ասաց նա։ 

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում։ Նրա խոսքով՝ ավելի նոր ծրագրային մոտեցումներով պետք է փոփոխությունները կատարվեն:

«Ցավոք, մեր երկրում մեխանիզմները դեռեւս այդքան զարգացած չեն, որ մեխանիզմներն անհատներին ղեկավարեն: Անհատի դերակատարությունը բավականին մեծ է. Հովիկ Աբրահամյանը բավականին ուժեղ անհատականություն է, ես գնահատում եմ այն, սակայն անհատականությունն ու մեխանիզմները պետք է համահունչ լինեն իրար»,- ասաց նա։  Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ եթե այսուհետեւ իշխանությունը չկարողանա փոփոխությունները հանրությանը զգալ տալ, ապա կառավարությունն ու  իշխանությունը մտածելու տեղ ունեն։

Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ մեծ բաց կա ընդդիմության դաշտում, ինչն էլ խանգարում է աշխատել. «Մենք ունենք բավականին մեծ, բաց ընդդիմության դաշտում, եւ ընդդիմության դաշտի բացը բավականին խանգարում է իշխանությանը աշխատելու համար, որովհետեւ բոլորը լցվել են, որպեսզի գրավեն ընդդիմության դաշտը եւ թիրախ վերցնում են իշխանությանը: Նրանք մտածում են, որ ով ավելի շատ հայհոյի իշխանությանը, ավելի շահեկան վիճակում կհայտնվի հանրության մեջ: Իշխանությունը մնում է մենակ մի քանի տասնյակլ ուժերի դիմաց, որոնք միայն հայհոյանքների միջոցով բվավարկաբելոիւ միջոցով ականւոմե ն գրավել ընդդիմության դաշտը։