ԱԺ  Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ կառավարության կազմի փոփոխությունը եւ այլ գործընթացներ պետք չէ կապել «Սասնա ծռեր» խմբի գործունեության հետ:

«Եթե մեկ այլ դեպք լիներ՝ այդ դեպքին պետք է վերագրեին փոփոխությունը, ապրիլյան պատերազմի ժամանակ էլ որեւէ կադրային փոփոխություն էր լինում, ասում էին՝ սա ապրիլյան պատերազմի հետեւանքներն է: Հիմա էլ, եթե որեւէ փոփոխություն լինում է՝ բնականաբար, վերջին կարեւորագույն իրադարձություններին է վերագրվում: Պարզապես, նման նեգատիվ երեւույթները նպաստում են հասարակության բեւեռացմանը»,-լրագրողների հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ասել է նա:

Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ցավում է, որ Հայաստանում ինչ-որ նպատակի հասնելու  համար զենքի միջոցի դիմող մարդիկ կան. «Ես նաեւ հաշվի եմ նստում դերակատարություն ունեցող քաղաքական ուժերի կարծիքի հետ, որոնք քննադատաբար են մոտենում այդ խնդրին: Դա նշանակում է , որ նրանք դրական վերաբերմունք չունեն այդ գործընթացի նկատմամաբ: իսկ ինչ վերաբերում է հասարակության կարծիքին՝ հարաբերական հասկացողություն է: Խնդրում եմ ֆեյսբուքյան էջերով հասարակության կարծիքը մի գնահատեք «Սասնա ծռերի» գործունեության վերաբերյալ»: