ԱԺ  Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնում կմնա Կարեն Կարապետյանը. «Կապված է իր աշխատանքից, կազմված ծրագրերից, իսկ ով է ասել, որ անցած կառավարության հետ երկարաժամկետ պլաններ չենք ունեցել: Կաշխատի 6 ամիս, 1 տարի եւ մենք կտանք դրա գնահատականները: Այն ինչ որ ծրագրված է կառավարության գործունեության հետ, եթե լավ իրականացվի, մենք ինքներս կխնդրենք, որ շարունակեն իրենց գործունեությունը»:

Լրագրողնրի այն դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը ՀՀ քաղաքացի չէ, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նորանշանակ վարչապետը Հայաստանի քաղաքացի է եւ նա բոլոր տեղաշարժերը կատարել է ՀՀ անձնագրով, երկարաժամկետ չի բացակայել Հայաստանի Հանրապետությունից. «Չեմ ուզում մտնել իրավական դաշտ, դուք կարող եք պահանջել իրավական պատասխաններ»:

Հարցին՝ արդյոք քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնանակության հարցը, նա նշեց, որ ՀՀԿ-ն վարչապետի հրաժարականից եւ նոր վարչապետի նշանակությունից հետո կառավարության անդամներից որեւէ մեկի պաշտոնանկության հարցը չի քննարկել:

Վահրամ Բաղդասարյանը անդրադառնալով մենաշնորհների վերացման հետ կապված նախկին կառավարությունը կատարած աշխատանքին, նշեց, որ բավականին ծավալուն աշխատանք է կատարվել. «Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի բազմաթիվ դրական նախաձեռնությունններ կան սեղանին դրված, որոնք հոկտեմբերին պետք է մտներ Ազգային Ժողով: Նոր կառավարությունը հիմք ընդունելով կատարված աշխատանքը՝ պետք է ավելի արագ տեմպերով այս ծրագրերն իրականացնի»: