Վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հովիկ Աբրահամյանը քաղաքականության մեջ ավելի ակտիվ աշխատանքի կընդգրկվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ  Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Հովիկ Աբրահամյանի՝ տարիների կուտակած փորձը կօգտագործվի հանրապետական կուսակցության հետագա առաջընթացի գործընթացում։ Ինքն իր փորձը կներդնի մեր հետագա նպատակների իրագործման համար»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։ 

Վահրամ Բաղդասարյանը չբացառեց, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ  նախընտրական շտաբը կղեկավարի առաջիկա ընտրություններում՝ նշելով, որ  այդ հարցը դեռ չեն քննարկել։

«Երբ խոսում ենք, որ էլ ժամանակ չկա, բարեփոխումները պետք է զգալի լինեն հանրության համար, նշանակում է, որ թիմն առավելագույնս պետք է աշխատի հանրության հետ եւ շատ արագ կարգի բերի իր ծրագրային դրույթները, որ կարողանա տպավորություն փոխել հանրության մոտ։ Ավելի շատ Հովիկ Աբրահամյանը պետք է լծվի այդ գործին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել նախորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին՝ պատճառաբանելով, որ իրեն չի հաջողվել վերացնել հասարակության բեւեռացվածությունը: Նոր վարչապետի միակ թեկնածուն Կարեն Կարապետյանն է: ՀՀԿ խորհրդի նիստում սեպտեմբերի 8-ին հավանություն է տրվել վարչապետի պաշտոնում նրա թեկնածության առաջադրմանը։