Բեռնատար տրամադրելու միջոցով «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող 69-ամյա Խաչատուր Գիչյանի կալանքը երկարացնելու միջնորդության քննարկմանը այսօր՝ սեպտեմբերի 9-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է։ Փաստաբան Տիգրան Սարգսյանը NEWS.am-ին ասաց, որ նրա համար քիչ առաջ Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «Շտապօգնություն» են կանչել։

«Իրեն բերել էին՝ ներկա գտնվելու նիստին, մինչեւ վերեւ բարձրացնելը վատացել էր։ Բժշկի եզրակացության համաձայն՝ սիրտն է վատացել»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը նշեց, որ դատական նիստը հետաձգվել է, նշանակվել վաղը։

Փաստաբանը նշեց, որ ըստ եվրոպական կոնվենցիայի՝ հարկավոր չի մեղադրյալի բացակայությամբ կալանքի որոշումը քննել։

Հիշեցնենք, որ Գիչյանը Վրաստանի քաղաքացի է: Նա ցուցմունք էր տվել, որ երբ իմացել է, թե ինչ նպատակի է ծառայելու իր մեքենան, այն չի տվել «Սասնա ծռեր» խմբի տղաներին, որոնք մի քանի անգամ եկել են իր տուն, ուսումնասիրել բեռնատարը: Նա ասել է, որ մերժելուց հետո սպառնացել են ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնել, ինչից հետո ստիպված է եղել բեռնատարը տրամադրել նրանց: