ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել ամուսնու նկատմամբ՝ կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թ. օգոստոսին ահազանգ է ստացվել, որ ամուսինը վիճաբանության ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել կնոջը, ով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նախնական քննության տվյալներով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ամուսինները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են տան բակում, որի ընթացքում ամուսինը ձեռքերով, ապա նաեւ մետաղյա ձողով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի եւ մարմնի տարբեր մասերին։ Վերջինիս պատճառված վնասվածքները փորձագետների կողմից գնահատվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել ամուսնուն որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։