Բելառուսի, Ռուսաստանի եւ Հայաստանի Քննչական կոմիտեների ղեկավարները Մինսկում հայտարարություն են ստորագրել միջգերատեսչական համագործակցության ակտիվացման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ստորագրված փաստաթղթում նշված են քաղաքացիների եւ երկրների համար այն բացասական հետեւանքները, որոնց հանգեցնում են իրականացված հանցագործությունները՝ հատկապես կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի, թմրանյութերի ապօրինի շրջանառության ոլորտում: Համատեղ հայտարարության մեջ շեշտվել է, որ չնայած միջազգային սերտ համագործակցությանը, միջգերատեսչական համագործակցության ակտիվացման զգալի պաշարներ կան:

Քննչական կոմիտեների ղեկավարները հայտարարել են քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու խնդրանքների իրականացման օպերատիվությունը մեծացնելու հարցում համատեղ գործողություններն ակտիվացնելու վճռականության մասին:

Բելառուսի, Ռուսաստանի եւ Հայաստանի ՔԿ ղեկավարները նաեւ հայտարարել են, որ Քննչական կոմիտեների ղեկավարների խորհրդի ստեղծումը կծառայի ԱՊՀ անդամ երկրների շահերին եւ ծանրակշիռ ավանդ կունենա հանցավորության դեմ պայքարի գործում: