Մենք շատ լավ պատկերացնում ենք երկրի վիճակը եւ պատկերացնում ենք՝ ինչ բարդությունների առջեւ է կանգնելու նորանշանակ գլխավոր դատախազը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն՝ անդրադառնալով գլխավոր դատախազի նոր թեկնածու Արթուր Դավթյանին։

«Կարեւոր է, որ մենք քննարկեցինք մեր համագործակցության ձեւերը, հուսով ենք, որ այն բացերը, որ օրենսդրական դաշտում գոյություն ունեն, համատեղ ջանքերով կկարողանանք լրացնել, ինչը ավելի հնարավարությունկ տա, բարենորոգումներ իրականացնել այդ բնագավառում։ Իսկ թե որքանով նա կկարողանա նվաճել անկախությունը քաղաքական ղեկավարությունից, դա իր որոշելիքն է, կանցնի որոշ ժամանակ կտանք մեր գնահատականը, այս պահի դրությամբ կանխավ որեւէ բան գնահատական չենք տա»,-ասել է Արզումանյանը։

Անդրադառնալով կառավարության փոփոխությանը՝ նախկին արտգործնախարարը ասել է․

«Հիմա հերթական փոփոխությունն է, հիմա, Աստված տա, ֆալշսթարթ չլինի, հիմա բոլոր նորեկներն էլ ամպագոռգոռ հայտարարություններ են անում, կառավարության կազմի մասին դեռեւս չգիտենք, միայն վարչապետի նոր թեկնածուն է հայտնի։ Երբ կառավարության կազմը, ծրագիրը կներկայացնեն Ազգային ժողով, նոր մենք կխոսենք մեր սպասելիքների մասին»,-ասել է Ալեքսանդր Արզումանյանը։