Կեղծիքների մեջ թաթախված կառավարությունը շարունակելու է նույն ձեռագրով, քանի որ համակարգում առկա խաղի կանոններն են այդպիսին: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդում է` Հովիկ Աբրահամյանի հրաժարականով, կառավարության փոփոխությամբ ոչինչ չի փոխվելու:
«Ոչ մի լուրջ բան չի փոխվել: Կեղծիքների մեջ թաղված կառավարություն է եղել եւ այդպես էլ շարունակվելու է: Ո՞րն է լինելու Կարեն Կարապետյանի ծրագիրը, որեւէ մեկը տեսե՞լ է, գիտի՞: Կարապետյանը կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ պայքարելո՞ւ է: Այսօր Հանրապետական կուսակցությունից որեւէ մեկը կարո՞ղ ասել` ինչ քաղաքական, տնտեսական ծրագրով է եկել նոր վարչապետը: Ոչ թե անձով է պայմանավորվում վարչապետ նշանակելը, այլ ծրագրով, որը իրականացնում է տվյալ անձը: Ոչ մի լուրջ փոփոխություն չի եղել, քանի որ այն համակարգը, որի մեջ այդ մարդը աշխատելու է, թույլ չի տալու, որ ինքը փոփոխություններ անի»,-ասաց Արամ Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ ՀՀԿ-ականների թմբկահարած փոփոխությունների անհրաժեշտությունը անձերի փոփոխությամբ չի իրականացվելու, այլ քաղաքական կամքի առկայությամբ, ինչն այսօր բացակայում է: Հիշատակեց ամենաթարմ օրինակը: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ ստանձնեց կառավարության ղեկը, հանդես եկավ օրենքը շրջանցող հարազատներին առաջինը պատժելու, մենաշնորհի, կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարի, վճռականությամբ, սակայն նրա ղեկավարած երկուսուկես տարվա ընթացքում գրեթե բոլոր բնագավառաներում արձանագրվեցին անկումային ցուցանիշներ:
«Հովիկ Աբրահամյանը, որ նշանակվեց, ի՞նչ խոստումներ էր տալիս. առաջինը իր բարեկամներին էր պատժելու ու բերելու հարկային դաշտ, կոռուպցիայի դեմ էր պայքարելու, սակայն իր ղեկավարած տարիներին մենաշորհն այնպես ծաղկեց ու տնտեսական ցուցանիշներն այնպես գահավիժեցին, որ մտքումդ չի տեղավորվում` ինչպես կարող էր այս արագությամբ կործանվեր Հայաստանի տնտեսությունը: Այս տարիներին արձանագրվել է պետական պարտքի բազմապատիկ աճ, գործազրկության աճ, ներդրումերի խայտառակ նվազում, ՀՆԱ-ի նվազում, բյուջեի նվազում, ապրանքային շրջանառության նվազում, աճել է արտագաղթը, չկա այդպիսի բնագավառ, որ ակնհայտ հետընթաց չունենա: Այնպես որ փոփոխություն իրականացնելը ոչ թե տնտեսական մոտեցման խնդիր է, այլ քաղաքական: Քո քաղաքական համակարգն է այս աղետալի վիճակի երաշխավորը: Ընդամենը մի քանի խոսուն տվյալ այդ համակարգի մասին. Հայաստանը արտադրել է ավելի քիչ լոլիկ, քան արտահանել է, արտադրել է ավելի քիչ հագուստ, քան արտահանել է, Հայաստանը արտադրել է ավելի քիչ խաղող, քան արտահանել է: Սա քրեական գործ է: Եթե դու չես արտադրել այդքան ապրանք, ինչպե՞ս ես ավելի շատ արտահանել: Այսպիսի կեղծիքի մեջ թաղված կառավարությունն ինչպես աշխատել է, այնպես էլ շարունակելու է»,-եզրակացրեց պատգամավորը:
Վարչապետի միակ թեկնածու Կարեն Կարապետյանի հետ բեկումնային հույսեր փայփայողների համար Արամ Մանուկյանը եւս մեկ անգամ հնչեցրեց օդում կախված հարցը:
«Երբ քաղաքապետի պաշտոնը 11 ամիս անց լքեց Կարեն Կարապետյանը, որեւէ քաղաքացի իմացա՞վ` ինչ պատճառով հեռացավ քաղաքապետը, որեւէ մեկին պարզաբանում ներկայացրեց, թե ով իրեն ասաց` գնա: Չի եղել նման բան… Մարդիկ չիմացան` ինչ տեղի ունեցավ, այնպես որ սա էլ խորհրդարանական ընտրություններից առաջ փոփոխությունների տպավորութուն են ստեղծում, որի ժամանակ, իհարկե, կլինեն խոստումներ ու փուչ ելույթներ, բայց բովանդակային փոփոխություն ուղղակի հնարավոր չէ, քանի որ դա անձով չէ պայմանավորված, այլ քաղաքական կամքով»:
Ինչ վերաբերում է իշխանության շրջանառության մեջ դրած ազգային համաձայնության կառավարության ձեւավորման անհրաժեշտությանը, Արամ Մանուկյանն ասաց` ՀԱԿ-ը չի լինելու այնտեղ:





























