ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը, որը սկսել է հանդիպումները ԱԺ խմբակցությունների հետ, NEWS.am-ի հետ զրույցում` ասաց, որ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից տարբերվելու խնդիր դրված չէ:

«Տարբերվելու խնդիր ոչ մի կերպ չի դրվում, փորձելու եմ դատախազության լիազորություններն իրականացնել իմ պատկերացմամբ առավել արդյունավետ»:

Նախկին գլխավոր դատախազից տարբերվելու խնդիր չդնող նոր թեկնածուն նշեց, որ դատախազության նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու է իր ամենօրյա աշխատանքով:

«Բնականաբար մեր ամենօրյա աշխատանքով, օրինականությունն առավել ապահովելով. որոշումների հասանելիություն, պարզություն, իրավական մասնագիտական բարձր որակ, հանրության հետ առավել հաճախ շփումներ, կայացվող որոշումների մոտեցումներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առավել մեծ ներգրավվածության ապահովում»:

Հարցին, թե մարտի 1-ի բացահայտումը կաառկա է իր օրակարգում, կարճ պաասխանեց. «Մարտի 1-ը փակված չէ»:

Դավթյանը վստահեցրեց, որ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո կադրային ջարդ չի իրականացնելու:

Հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տվեց «Սասնա ծռեր» խմբի ՊՊԾ գնդի գրավումից հետո` օգոստոսի 4-ին:

Առաջադրված թեկնածուն ուրբաթ օրվանից հանդիպումներ է ունենում ԱԺ խմբակցությունների հետ, ապա լիագումար նիստում օրենսդիրներին ներկայացնի իր ծրագիրը, պատասխանի հարցերին, որից հետո նրա թեկնածությունը դրվի քվեարկության: