Այսօրվա դրությամբ, Իրանը չի կարող դառնալ զենքի գոնե որոշ չափով լուրջ մատակարար հարեւան երկրների համար: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց, Ռազմավարությունների ու տեխնոլոգիաների վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը: Նրա խոսքով, Իրանի ռազմաարդյունաբերության ներուժը սահմանափակվում է ԽՍՀՄ-ում ու Չինաստանում արտադրված տեխնիկան պատճենելով:
«Իրանը չի տիրապետում անհրաժեշտ տեխնոլոգիաների, պաշարների ու ավանդույթների, որպեսզի կարողանա բարձրորակ զենք ստեղծել»,- հայտարարեց Պուխովը:
Փորձագետի ներկայացմամբ, նման արտադրանքով կարող են հետաքրքրվել կամ տարբեր երկրներում գործող անօրինական զինված խմբավորումները, կամ էլ շատ աղքատ երկրները` հիմնականում հակաարեւմտյան ուղղվածության: «Որպես նման երկիր կարող է հանդես գալ, օրինակ Բոլիվիան»,- կոնկրետացրել է նա:
Հարցին, թե կարո՞ղ է Իրանը զենք մատակարարել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK), Պուխովը դա քիչ հավանական է համարել: «Ներկայումս քրդերը համեմատաբար լավ հարաբերությունների մեջ են թուրքերի հետ: Եթե Իրանը չդիմանա այսրոպեական գայթակղությանը եւ զենք մատակարարի քրդերին, դրանով նա կտրուկ կվատացնի հարաբերություններն իր հարեւանի հետ, ով, ի դեպ, այն քիչ երկրներից է, որը բարձր մակարդակի հարաբերություններ է պահպանում Իրանի հետ»,- ասել է փորձագետը:
Նշենք, որ մի քանի օր առաջ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է զենք վաճառել աշխարհի 50 երկրների: Նրա խոսքով, Իրանը «հասել է իր ռազմական հզորության պիկին» եւ ամբողջությամբ ապահովում է իր ռազմական պահանջմունքները:





























