Աշխարհի ավելի քան 60 երկրներում ներկայացված Oriflame ընկերությունը Երեւանում արդեն երրորդ անգամ կանցկացնի Oriflame Fashion Night միջոցառումը, որը միավորում է նորաձեւության եւ գեղեցկության սիրահարներին եւ օրը դարձնում տոն հետեւորդների ու երկրպագուների համար։
Այս տարի Oriflame ընկերությունն ընդլայնել է սահմանները. Oriflame Fashion Night–ին կմասնակցեն տաղանդավոր հայ դիզայներներ ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից։
Նորաձեւության աշխարհում աննախադեպ իրադարձության մասնակից են դարձել հայտնի հայ դիզայներներ Ֆաինա Հարությունյանը, Վահան Խաչատրյանը, Արամ Նիկոլյանը, Գեւորգ Շադոյանը, Արեւիկ Սիմոնյանը, «Harmony Yerevan» նորաձեւության տունը, ինչպես նաեւ Միսաք Հաճի Ավետիքեանը Լիբանանից եւ միջոցառման հատուկ հյուրը՝ H&M Design Award 2014–ի մրցանակակիր Էդդի Անեմեանը Ֆրանսիայից։
ԱՊՀ երկրների զարգացման եւ գլոբալ մարքեթինգի ռազմավարության եւ նախագծերի ավագ տնօրեն Լինդա Վոլտերի խոսքով՝ ընկերությունը քայլում է ժամանակին համընթաց, քանի որ ռազմավարության հիմքում գեղեցկության շուկայի գլխավոր միտումներն ու ապրանքատեսակի շվեդական ծագումն են։ «Մենք ընկալում եւ տեսնում ենք գեղեցկությունը որպես կենսակերպ։ Գեղեցկությունն ավելին է, քան պարզապես արտաքին տեսքը։ Գեղեցկությունը մարդու ընտրած ապրելակերպի արտացոլումն է, որտեղ հավասարապես կարեւոր են եւ տեսքը, եւ ինքնազգացողությունը։ Մենք հավատում ենք, որ իրական գեղեցկությունը համալիր կանոնավոր խնամքի եւ ճիշտ կենսակերպի արդյունք է։ Համոզված ենք, որ իրական գեղեցկությունը հիմնված է սեփական արժեքի զգացողության, ինքնավստահության, մտերիմների մասին հոգ տանելու հնարավորության, անձնական հաջողության եւ սիրո վրա։ Լինել իսկապես գեղեցիկ նշանակում է լինել երջանիկ։ Եվ այս առումով, Շվեդիան այս ամենի վառ օրինակն է»,– ասաց Վոլտերը։
Նրա խոսքով՝ հիմնվելով այս ամենի վրա՝ Oriflame–ն առաջարկում է իր նոր, համապարփակ գեղեցկության մոտեցումը։ Վոլտերը նաեւ խորհուրդ տվեց գտնել ներքին եւ արտաքին ներդաշնակության բանալին՝ գեղեցկությունը դարձնելով կենսակերպ. «Ձեզ այդ հարցում կօգնեն մեր մաշկի խնամքի եւ առողջ ապրելակերպի բարձրակարգ միջոցները, բիզնեսի եզակի հնարավորությունները»։
Ընկերության Ուկրաինայի, Կովկասյան երկրների եւ Մոլդովայի փոխնախագահ Նիկլաս Փալմքվիսթն իր հերթին գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում Oriflame ընկերությունն առաջատարն է շուկայում. «Oriflame–ն արդեն 15 տարի հայ սպառողին է առաջարկում բնական շվեդական կոսմետիկա՝ վերջին տարիներին դառնալով կոսմետիկ միջոցների ամենահայտնի ապրանքանիշը։ Այսպիսի հաջողության հասնելը, առաջին հերթին, հնարավոր դարձավ դեմքի մաշկի խնամքի միջոցների, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի համար նախատեսված Wellness by Oriflame ապրանքատեսակների հանդեպ ընդգծված ուշադրության շնորհիվ։ Մենք հպարտ ենք Հայաստանում ունեցած հաջողությամբ»։
Փալմքվիսթը նաեւ տեղեկացրեց, որ Oriflame ընկերությունը հիմնադրվել է Աֆ Յոքնիկ եղբայրների եւ նրանց ընկերոջ կողմից 1967թ.–ին։ Այն կոսմետիկայի ուղիղ վաճառքներով զբաղվող միջազգային ընկերություն է, որն ունի ներկայացուցչություններ ավելի քան 60 երկրներում: Oriflame–ի հետ համագործակցում են մոտ 3 միլիոն խորհրդատու ամբողջ աշխարհում՝ Չիլիից մինչեւ Չինաստան։ 2017թ.-ին Oriflame ընկերությունը կնշի հիմնադրման 50–ամյակը։
«Oriflame Հայաստանի» գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանի խոսքով՝ դեռեւս երկու տարի առաջ, երբ նախաձեռնել են Oriflame Fashion Night–ը, նպատակ են հետապնդել նպաստել հայկական նորաձեւության զարգացմանը՝ նաեւ տաղանդավոր սկսնակ դիզայներներին աջակցելով։ «Այս տարի հայտարարել ենք մրցույթ սկսնակների համար՝ ոչ միայն տրամադրելով հարթակ՝ ցուցադրելու իրենց հավաքածուները հանրության լայն շրջանակներում, այլեւ սահմանել ենք հատուկ մրցանակ լավագույնի համար՝ Oriflame Fashion Award»։ Հաղթողը կստանա նոր հավաքածու ստեղծելու հնարավորություն։
Նշենք, որ այսօր երեկոյան՝ 20։00–ին, Երեւանում՝ Կարապի լճում, կկայանա Oriflame Fashion Night միջոցառումը։





























