«Համախմբում» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, թե Վանաձորում ընտրարշավն անցնում է խայտառակ պայմաններում։
«Վանաձորի քաղաքապետ՝ ՀՀԿ-ական Ս. Դարբինյանը քաղաքի հիմնական հրապարակները քարոզարշավի գրեթե բոլոր օրերին տրամադրել է ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ն է տնօրինելու Վանաձորի «Հայք» հրապարակը սեպտեմբերի 19-ից մինչեւ 30-ը (ժամը 14-ից մինչեւ 22-ը), իսկ «Արցախ» հրապարակը՝ սեպտեմբերի 16-ից 27-ը (ժամը 12-ից մինչեւ 21-ը): Նշենք, որ այս հրապարակներում են անցկացվում քաղաքի բոլոր բազմամարդ միջոցառումները, այդ թվում եւ՝ հանրահավաքները:
Այս որոշումը նպատակ ունի քաղաքական մյուս ուժերին զրկել Վանաձորի հիմնական հրապարակներում ընտրողների հետ հանդիպելու հնարավորությունից: Իշխող կուսակցության առաջնորդները խոսում են քաղաքական նոր մշակույթի, առաջընթացի մասին, բայց իրական կյանքում գործում են միջնադարյան նորմերով։ Սա նույնիսկ հայաստանյան չափանիշներով աղաղակող փաստ է։ Ի՞նչ հավասար պայմանների եւ ազդարարված «նոր սկզբի» մասին կարող է խոսք լինել։
Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, անկախ նրանից՝ մասնակցում են ընտրություններին, թե ոչ, իրենց ձայնը բարձրացնեն եւ գործուն քայլերի դիմեն՝ այս խայտառակ որոշումը չեղյալ հայտարարելու համար: Դիմում եմ լրատվամիջոցներին՝ կոչ անելով՝ անդրադառնալ այս՝ բառիս բուն իմաստով խայտառակ փաստին»,- նշել է «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, «Վանաձորի» տարածքային կառույցի ղեկավար Վահան Ղույումչյանը։




























