«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը նույնն է, միակ տարբերությունն այն է, որ քաղաքացիական հիվանդանոցում նորմալ ցավազրկվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը:

«Հիվանդանոցում նորմալ պայմաններ են, ցավազրկվում է, սակայն վիճակը նույնն է. վերքերը դեռ չեն լավացել, արտադրություն կա: Վիրահատության համար էլ հստակ որեւէ բան բժիշկները դեռ չեն ասում»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հովհաննես Հարությունյանը վիրահատության կարիք չունի, ոսկորները լավ համադրված են:

«Ոտքի անշարժացում է պետք նրան, որը կկատարվի գիպսային կամ այլ եղանակով»,- ասել էր Միքայել Մանուկյանը` նշելով, որ Հարությունյանը որոշ ժամանակ դեռ կմնա հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին եւ խմբի մյուս անդամ Պավել Մանուկյանին օրեր առաջ քաղաքացիական հիվանդանոց էին տեղափոխել վիրահատության նպատակով:

Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր ոտքից: Նրա փաստաբանն ահազանգում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում: