Վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը ունակ է պայքարելու ստվերի, կոռուպցիայի, հովանավորչության ու մենաշնորհների դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:

«Կարեն Կարապետյանը մարդ տեսակով ունակ է այդ ուղղությամբ քայլեր կատարելու: Տիրապետում է ամբողջովին հայաստանյան իրավիճակին, նրանք, ովքեր ասում են` հինգ տարի դրսում է եղել, ես նրանց ասում եմ` նա ամբողջովին տիրապետում է խնդիրներին ու լավ գիտի մեր տնտեսության վիճակն ու առաջնահերթությունները»,-ասաց նա:

Հարցին` կոռուպցիայի, մենաշնորհների, գործարար միջավայրում հովանավորչության, ստվերի դեմ ինչպես է պայքարելու Կարեն Կարապետյանը, ինչը չհաջողվեց նաեւ Հովիկ Աբրահամյանին, որի հետ մեծ հույսեր էին կապում որպես պրագմատիկ վարչապետի, Նիկոյանը պատասխանեց. «Բոլոր հարցադրումները խնդրում եմ դեպի ապագա ուղղեք, թե ինչ կարող է անել Կարեն Կարապետյանը: Նա շատ բան կարող է անել, վճռական է, ունի հայացք, տեսակետ այս ամենը փոխելու վերաբերյալ: Նա տեսնում է բոլոր խնդիրները եւ ունի վճռականություն դրանց դեմ պայքարելու համար, բոլորս, այդ թվում լրագրողներդ, պետք է օգնեք մարդուն, որ սկզբնական շրջանում քայլեր անի: Եթե առաջին օրվանից սկսեք վատախոսել ու թերություններ փնտրեք, օգուտ չեք տալու: Այո, նա կարող է պայքարել ձեր մատնանշած խնդիրների դեմ, նա վճռական է»:

Սամվել Նիկոյանը որպես պայքարի գործիք մատնանշեց նաեւ հանրության պահանջը: Ըստ նրա` հանրության պահանջն այսպիսին է` այլեւս անթույլատրելի է ստեղծված իրավիճակը: