ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչն է փոխարինելու Նիկոլայ Բորդյուժային, քանի որ ՀԱՊԿ-ն այս տարի ՀՀ-ն է նախագահում:

«Հերթականության կարգով՝ ռոտացիոն սկզունքով այս փուլում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահվելու է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին, չեմ կարող այս պահին նշել կոնկրետ թեկնածության հետ կապված, բայց որ լինելու է Հայաստանի ներկայացուցիչ, դա հաստատ է»,-ընդգծել է Կորյուն Նահապետյանը:

Հարցին՝ արդյոք ՀԱՊԿ-ի դիրքորոշումը Հայաստանի եւ մասնավորապես ԼՂ հարցում կփոխվի՞ դեպի դրականը, քանի որ նախկինում անգամ նախագահի մակարդակով դժգոհություններ կային ՀԱՊԿ-ից, նա պատասխանեց. «ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որն ունի  իր կանոնադրական խնդիրները, եւ մենք մեր ակնակալիքներում պետք է հստակ դիրքորոշում ունենանք, որ ՀԱՊԿ-ն չի էլ կարող դուրս գալ այն կանոնադրական խնդիրներից, որոնք ամրագրված են իր հիմնադիր փաստաթղթերում: Իհարկե մեզ համար շահեկան է ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, բայց չպետք է չափազանցնել եւ մտածել, որ միայն այդ փաստով կարող ենք մեզ համար կարեւոր բոլոր հարցերում ակնկալել ամենաշահավետ լուծումներ»:

Դիտարկմանը, որ հայ հասարակությունը ռուսական մամուլից է տեղեկանում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կորյուն Նահապետյանը նշեց. «Դուք կարող եք հղումներ անել տարբեր  լրատվամիջոցներին, բայց քանի դեռ չկա պաշտոնական առաջադրում, ուղղակի այդ մասին խոսելը, կարծում եմ, դեռ վաղ է»:

Նշենք, որ նախօրեին Սեյրան Օհանյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու մասին հաղորդել էր ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը: