42-ամյա Արեւիկ Սարդարյանն իր ամբողջ կյանքի ընթացքում տնային տնտեսուհի է եղել: 2 տարի առաջ սակայն նա սկսել է աշխատել Սարի Գյուղի (Լեռնային Գյուղ) կանանց կոոպերատիվի ջերմոցային տնտեսությունում:  Այդ ժամանակվանից նրա կյանքն արմատականորեն փոխվել է. նա նոր ընկերուհիներ է ձեռք բերել, կոլեկտիվ, իսկ ամենակարեւորը` նա իր սեփական փողն է վաստակում: Շատ մեծ չէ, բայց իրենն է: 

«Երբ կինը փող է բերում տուն, նա անհամեմատ ավելի ինքնավստահ է դառնում: Ստիպված չի լինում ամեն անգամ ամուսնուց փող խնդրել…» -  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է նա:

Կոոպերատիվը, որում  աշխատում է Արեւիկը,   2014 թվականին ստեղծվել է Օքսֆամ կազմակերպության ջանքերով: Դա այդ կազմակերպության 24 կոոպերատիվներից մեկն է եւ մեկը  8-ից, որտեղ միայն կանայք են աշխատում: Այսօր կոոպերատիվը երկու ջերմոց ունի`  200 եւ 400 քմ, որոնցում Սարի Գյուղ-ից 15 կին է աշխատում:

Կոոպերատիվի ղեկավար Լուիզա Ռեւազյանի խոսքով, այս երկու տարվա ընթացքում փոխվել է եթե ոչ ամբողջ գյուղի կյանքը, ապա  15 կնոջը` հաստատապես: Նրանք միավորվել են մեկ նպատակի շուրջ, ասես մեկ ընտանիք են դարձել, օգնում են իրար ոչ միայն աշխատանքում, այլեւ մնացած բոլոր այլ հարցերում: Եվ հետո` ընդհանուր ջանքերով էկոլոգիապես մաքուր մթերքներ են աճեցնում, որոնք շուկայում մեծ պահանջարկ են վայելում:  Այս տարի ջերմոցներում լոլիկ են աճեցրել, իսկ որպես պարարտանյութ քիմիական նյութերի փոխարեն «էկո-ֆրենդլի» գոմաղբ են օգտագործել:

Կոոպերատիվն առայժմ իր աշխատողներին մեծ եկամուտ չի բերում: Լուիզա Ռեւազյանի խոսքով, այս տարի 200 քմ մակերեսով ջերմոցը 150 000 հազարի եկամուտ է բերել, սակայն նրա 7 աշխատակցուհիներին աշխատավարձեր կվճարվեն (ամբողջական աշխատանքային օրվա դիմաց սովորաբար մոտ 2000-3000 դրամ են ստանում, բայց նրանք բոլորովին էլ ոչ ամեն օր են ամբողջական աշխատանքային օր ունենում): Որոշ աշխատողներ իհարկե նախընտրում են ոչ թե փող տանել տուն, այլ իրենց ուժերով աճեցված մթերքները: 

Ոչ խորհրդային

Շատերի մոտ «կոոպերատիվ» բառը զուգորդվում է խորհրդային անցյալից եկած ինչ-որ բանի հետ: Սակայն նոր կոոպերատիվները խորհրդայինի հետ քիչ ընդհանուր բան ունեն:  Սննդի անվտանգության եւ գյուղատնտեսության զարգացման Օքսֆամ ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ փոքրիկ կոոպերատիվների մոդելն այսօր ընդհանուր ոչ մի բան չունի խորհրդային կոլտնտեսությունների  /սովտնտեսությունների հետ: Ժամանակակից կոոպերատիվը կազմված է իրավահավասար ֆերմերների խմբերից, որոնք միասին ընդհանուր խնդիրներն ավելի արդյունավետորեն են լուծում, քան եթե առանձին-առանձին աշխատեին:  

Մասնագետը բացատրել է, որ մեկ համայնքում ապրող եւ աշխատող ֆերմերները սովորաբար նույն խնդիրներին են բախվում:  Օրինակ` նրանց բոլորին անհրաժեշտ է պարարտանյութ, դեղեր գնել, իրացման շուկաներ փնտրել: Եթե յուրաքանչյուր ֆերմերը այդ բոլոր հարցերը միայնակ լուծի, նրա համար բարդ կլինի, բայց եթե ֆերմերները միավորեն ուժերը, դա զգալիորեն կթեթեւացնի նրանց կյանքը: Օրինակ, նրանք կկարողանան միասին պարարտանյութի մեծ խմբաքանակներ գնել ավելի էժան գնով, ինչն արդյունքում կնվազեցնի արտադրվող մթերքների ինքնարժեքը եւ դրանք ավելի մրցունակ կդարձնի շուկայում:  

Բոլոր 24 կոոպերատիվները (Տավուշի եւ Վայոց ձորի մարզերում) այսօր զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ հողագործությամբ: Նրանցից   21-ը ջերմոցներ ունեն եւ յուրաքանչյուրում մոտ  10-15 մարդ է աշխատում: Վադիմ Ուզունյանը նշել է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը շատ խոցելի է. մեկ անգամ չի պատահել, որ եղանակային խիստ պայմանների պատճառով մարդիկ կորցրել են ամբողջ բերքը: Ջերմոցները ավելի կայուն մոդել են, հենց այդ պատճառով կոոպերատիվների մեծամասնությունում հենց դրանք են օգտագործում: 

Կազմակերպությունը ջերմոցները կառուցում է իր դոնորների ներդրումների շնորհիվ: 400 քմ մակերեսով մեկ ջերմոցը մոտավորապես 5-7 մլն դրամ արժե, դրանում արտադրվում է Իսրայելում արտադրված հինգշերտանի ծածկույթ, որն առնվազն   5 տարի կծառայի: Երբ ջերմոցը պատրաստ է, Օքսֆամի մասնագետները կոոպերատիվի անդամներին սովորեցնում են կանաչի, մրգեր եւ բանջարեղեն աճեցնելու արվեստը եւ նրանց պատրաստի ջերմոցը հանձնում են անհատույց շահագործման:  Տարվա ընթացքում կազմակերպության մասնագետները նոր կոոպերատիվին ամեն տեսակ աջակցություն են տրամադրում, բայց նույնիսկ դրանից հետո շարունակում են վերահսկել իրենց աշխատանքը եւ օգնում են, ինչով կարող են:    

Կանայք ղեկի մոտ

Արդեն ասվել է, որ Օքսֆամ կազմակերպության   24 կոոպերատիվից 8-ը կանացի են, այսինքն այնտեղ միայն կանայք են աշխատում եւ դրանք կանանց կողմից են կառավարվում:   

Վադիմ Ուզունյանը նշել է, որ զուտ կանացի կոոպերատիվների ստեղծմանը նպաստել են միգրացիոն գործընթացները. շատ տղամարդիկ գնում են այլ երկրներում աշխատելու, կանայք տանը մենակ են մնում:  Նրանց համար բարդ է աշխատանք գտնելը, իսկ կոոպերատիվները նրանց հնարավորություն են տալիս ոտքի կանգնել, ավելի ինքնուրույն դառնալ: 

«Կոոպերատիվների շնորհիվ կանայք դուրս են գալիս ստվերից, սոցիալապես ակտիվ են դառնում, իսկ դա փոխում է նրանց կյանքը: Որոշ համայնքներում տեղի կոոպերատիվների աշխատողները ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ: Այսպիսով` այդ կանանց սկսում են ճանաչել եւ ընդունել ոչ միայն նրանց համայնքի ներսում, այլեւ արտաքին աշխարհում», - նշել է Վադիմ Ուզունյանը:

Կազմակերպության մասնակիցները, իմիջիայլոց, հետաքրքիր առանձնահատկություն են նշել. կանացի կոոպերատիվներն անհամեմատ ավելի արդյունավետորեն,  թափանցիկորեն, համակարգված են աշխատում, քան խառը կոոպերատիվները: 

Սոցիալական պատասխանատվություն

Յուրաքանչյուր կոոպերատիվի անդամները, նշել է Վադիմ Ուզունյանը, զբաղվում են ոչ միայն իրենց աշխատանքով, այլեւ օգնում են իրենց համայնքին. որոշ կոոպերատիվներ սնունդ են տրամադրում տեղի դպրոցներին, մյուսները վերանորոգում են դպրոցները կամ հանրային շինությունները: Սոցիալական պատասխանատվության նման մոդելի շնորհիվ կոոպերատիվները փոխում են ոչ միան այնտեղ աշխատող ֆերմերների կյանքը, այլեւ ամբողջ համայնքի: 

Խնդիրներ էլ կան

Իհարկե, առանց խնդիրների չի լինում: Այսօրվա դրությամբ Սարի Գյուղի կոոպերատիվի ամենասուր խնդիրը ջերմոցների տաքացման համակարգի ձեռքբերումն է:  Քանի օր այսօր նրանք նման համակարգ չունեն, նրանց ջերմոցները ձմռանը չեն կարող աշխատել:  Այստեղ բանջարեղեն ցանելը սկսում են միայն մարտի կեսին եւ մինչ դրանք աճում են, շուկայում շատ այլ բանջարեղեն է հայտնվում եւ դրանց գինն ընկնում  է:   Իսկ եթե կոոպերատիվի ջերմոցները ջեռուցման համակարգ ունենային, դրանք կկարողանային ձմռանն աշխատել, իսկ վաղ գարնանն արդեն շուկային պատրաստի արտադրանք տրամադրել ավելի բարձր գնով. այդպես կոոպերատիվները ավելի մեծ եկամուտ կունենային  (որոշ հաշվարկների համաձայն, դրանց եկամուտը կավելանա  2-3 անգամ), իսկ սպառողներն ավելի շատ լավ, էկոլոգիապես մաքուր մթերք կստանային տարվա ցանկացած եղանակի: 

Նման համակարգի համար այնքան էլ մեծ գումար անհրաժեշտ չէ, սակայն ջերմոցի եկամուտը բավարար չէ, որպեսզի այս համակարգերը գնվեն առանց կողմնակի օգնության:   400 քմ մակերեսով ջերմոցի համար մոտ 2-3 մլն դրամ է անհրաժեշտ, ավելի փոքր ջերմոցների համար` ավելի քիչ: 

Սարի Գյուղ կոոպերատիվի ղեկավար Լուիզա Ռեւազյանն այսօր ակտիվորեն հովանավոր է փնտրում, որը կարողանար կոոպերատիվի ջերմոցների ջեռուցման համակարգ ձեռք բերել: Դրանով են զբաղված նաեւ ջերմոցներ ունեցող բոլոր այլ կոոպերատիվների անդամները: Ջերմոցները նրանց եւ ամբողջ համայնքի կյանքն արդեն դեպի լավն են փոխել, ասում են նրանք, սակայն ջեռուցման համակարգի առկայությունը նրանց կօգնի էլ ավելի լավ աշխատել: