Սեպտեմբերի 12-ին կթողարկվի «Պուտինի փոխարեն» նախագիծը, որի խնդիրն է նախագահի այլընտրանքային թեկնածու ընտրելը, որը Միխայիլ Խոդորկովսկու աջակցությամբ կկարողանա ընտրվել 2018-ի ընտրություններին եւ Վլադիմիր Պուտինին մրցակցություն ստեղծել: Այս մասին «ՌԲԿ»-ին ասել է անձամբ Խոդորկովսկին:
Նախագծի մեկնարկի օրը կթողարկվի vmestoputina.ru կայքը, որտեղ կներկայացվի «Խոդորկովսկու թեկնածուի» հավակնորդների ցանկը: Բոլոր ցանկացողները կարող են քվեարկե որեւէ մեկի օգտին, իսկ եզրափակիչ փուլում ժյուրին քվեարկության արդյունքներով կընտրի նախագահի ապագա թեկնածուին: Անհրաժեշտության դեպքում Խոդորկովսկին կաջակցի ընտրված թեկնածուին՝ տրամադրելով իրավաբանական, տեղեկատվական աջակցություն, նաեւ կօգնի շտաբը եւ ստորագրահավաքը կազմակերպելիս:
Առաջադրվել է նաեւ Ալեքսանդր Նավալնու թեկնածությունը, սակայն նրա մասին տեղեկատվությունը կտեղադրվի նշումով, որ քաղաքական գործիչն առայժմ առաջադրվելու իրավունք չունի:
Ժյուրիի մեջ կարող են մտնել ցանկացող բոլոր քաղաքական եւ հասարակական գործիչները, ըստ որում՝ նրանք կարող են ցանկացած հայացքի տեր լինել:
Իրենք թեկնածուները դեռեւս տեղյակ չեն, որ դարձել են Խոդորկովսկու նախագծի մասնակից, ասել է «Բաց ընտրություններ»-ի ղեկավար Թիմուր Վալեեւը: «Թեկնածու առաջադրելու պահին նրա կարծիքը մեզ չի հետաքրքրում: Եթե մարդը չի ցանկանում նախագծին մասնակցել, նրա անունը կարելի իր խնդրանքով հանել»,- ընդգծել է նա:




























