Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիձինա Իվանիշվիլիին խնդրել է Վրաստանում փակել խաղատները: Գրուզիա Օնլայնի փոխանցմամբ՝ այս մասին Իվանիշվիլին պատմել է մարզային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:

Իվանիշվիլին համաձայն է, որ անչափահասների համար հարկավոր է խիստ սահմանափակումներ մտցնել այդ հարցում: «Ես հաճույքով կարգելեի, բայց դա տնտեսություն է: Հարկավոր է խստացնել խաղատներ անչափահասների մուտքը: Չեմ թաքցնի, ես նույնիսկ մտածում էի լիովին արգելել այնտեղ տեղաբնակների մուտքը: Բայց դա, հավանաբար, կհակասի օրենքներին»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Նա նաեւ նշել է, որ Վրաստան բազմաթիվ զբոսաշրջիկներ են ժամանում, եւ խաղատների առկայությունը նպաստում է նրանց հոսքի ավելացմանը: «Դա փաստ է, որը չի կարելի հերքել: Խաղատներն իրենց դերն ու ներդրումն ունեն: Գուցե ինչ-որ բան մտածենք եւ առավելագույն խստացնենք օրենսդրությունը: Հիշում եմ՝ երբ հանդիպեցի Էրդողանին, խնդրեց փակել խաղատները: Բայց ինչ արած, դա բիզնես է»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին: