Եվրոպայում փղերի առաջին ծերանոցը 2017 թվականին կստեղծվի Ֆրանսիայում: AFP-ի հաղորդմամբ՝ Elephant Haven («Դրախտ փղերի համար») հաստատությունը կհիմնվի Ֆրանսիայի կենտրոնի Լիմուզեն դեպարտամենտի Բյուսեր-Գալան կոմունայում:

Ըստ RFI-ի՝ փղերի ծերանոց բացելու մտահղացման հեղինակները բելգիացի կենդանաբաններ Սոֆի Գեթգեբերին եւ Տոնի Վերխուլստուին: Ամուսիններն արդեն 20 տարի զբաղվում է փղերի ուսումնասիությամբ:

«Առողջական ոչ մի խնդիր չունեցող փիղը կարող է մինչեւ 60 տարի ապրել: Մեր տվյալներով՝ Եվրոպայում 141 փղեր գտնվում են կրկեսներում: Սակայն սովորույթները փոխվում են, եւ եվրոպական երկրներն աստիճանաբար սկսում են արգելել կրկեսներում կենդանիների ելույթները»,- պարզաբանել է Սոֆի Գեթգեբերը: Կենդանաբանի խոսքով՝  «առաջիկայում փղերից շատերը վաստակած կենսաթոշակի կանցնեն»:

Ամուսինները մի քանի տարի առաջ էին որոշել փղերի ծերանոց բացել, երբ մտահոգվել էին, թե ինչ կպատահի կենսաթոշակի գնացող ծեր կենդանիներին: Նրանք արդեն ջեռուցվող շենք են կառուցել, որտեղ կենդանիները կարող են ապրել ձմռանը: Առաջին կենվորին պատրաստվում են ընդունել 2017-ի գարնանը, իսկ մինչ այդ սպասում են տեղական իշխանությունների թույլտվությանը: Կենդանաբանները հուսով են, որ փղերի ծերանոցում կարող է ապրել մինչեւ 10 փիղ: