Լեռնային Ղարաբաղի խնդրով բանակցություններում Ադրբեջանն ընդգծում է սահմանների անխախտելիության սկզբունքը, իսկ Հայաստանը պետք է ցույց տա, որ կյանքն այն հերքում է: Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Նրա խոսքով՝ դեռեւս 90-ական թվականներին քաղաքագիտության մեջ ի հայտ եկավ հետեւյալ հայեցակարգը, որ Բալկաններ-Հարավային Կովկաս-Մերձավոր Արեւելք առանցքում սահմանները փոխվում են, եւ այդ պրոցեսը կշարունակվի: Կոսովո, Հարավային Սուդան, իսկ աշխարհի մյուս ծայրում անկախություն ստացած Արեւելյան Թիմոր եւ Չինաստանին միացած Հոնկոնգ:

«Դե իսկ այստեղ Ղրիմն է, որի միացմանը Ռուսաստանին արեւմտյան մի շարք քաղաքական ուժեր ըմբռնումով մոտեցան կամ աջակցեցին: Մենք պետք է մերժենք պահպանողական մոտեցումը եւ ձգտենք ամրապնդել միջազային իրավունքը. սահմանների անխախտելիության սկզբունքն արդեն գործնականում չի գործում»,- ընդգծել է Մհեր Շահգելդյանը: