Գոհացուցիչ է, որ խորհրդարանի քաղաքական ուժերը, չնայած տարբեր տեսակետներ ունենալուն, կարողացան համաձայնության գալու ուժ գտնել: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների եւ ընտրատեղամասերի վերազինման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու ժամանակ հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական երկխոսությունն անչափ կարեւոր է երկրի զարգացման համար: Մնում է գոհունակությամբ նշել, որ քաղաքական տարբեր ուժերը կարողացան միասնական որոշման հանգել, հայտարարել է Հարությունյանը: Նա հույս է հայտնել, որ նոր խորհրդարանում երկխոսելու ցանկությունը ոչ միայն կպահպանվի, այլեւ կխորանա:
Նա շնորհակալություն է հայտնել քաղաքացիական հասարակությանը Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող առաջարկների համար, ինչպես նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին՝ իշխանությունների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսության կազմակերպման հարցում մեծ օգնության համար: «Ցանկանում եմ դրա համար շնորհակալություն հայտնել նաեւ նրա գործընկերներին՝ «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորներին»,- ընդգծել է Հարությունյանը:





























