Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը լուրջ փոփոխությունների չի հանգեցնի, քանի որ համակարգային փոփոխությունները պայմանավորված չեն անձերի փոփոխությամբ:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ երկիրը համակարգային փոփոխությունների կարիք ունի, իսկ մեկ անհատը չի կարող համակարգին դեմ գնալ: «Սա անձի հերթական փոփոխություն է, այլ ոչ թե մոտեցման եւ ծրագրերի: Այս համակարգում անձերի փոփոխությունը ոչ մի լավ բանի ու փոփոխությունների չի հանգեցնի: Դա է պատճառը, որ հանրության շրջանում չեմ հանդիպել մեկին, որը ինչ-որ հույս փայփայեր, որ այս փոփոխության միջոցով Հայաստանում պայքար կմղվի կոռուպցիայի, մենաշնորհների դեմ»,- նշեց Արամ Մանուկյանը:

Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունները այս քայլին գնացին խորհրդարանական ընտրություններից 7 ամիս առաջ, պատգամավորը պատասխանեց. «Իրենց հարցրեք»: