Ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2017 թվականի հունվարին պաշտոնից հեռանալուց առաջ ներում կշնորհի իրեն: Այս մասին նա բրիտանական The Guardian-ին հաղորդել է Մոսկվայից տեսակապի ժամանակ:
Ըստ DW-ի՝ Սնոուդենը պնդում է, որ ամերիկյան եւ բրիտանական հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսումների ծավալների մասին տեղեկատվության բացահայտումը ոչ միայն ճիշտ էր բարոյական տեսանկյունից, այլեւ օգտակար այդ երկրների քաղաքացիների եւ հպատակների համար:
Նրա կարծիքով՝ իր գործողությունները բազմաթիվ դրական փոփոխությունների հանգեցրին: «ԱՄՆ Կոնգրեսը, դատավորներն ու նախագահը փոխեցին իրենց քաղաքականությունն այս մերկացումների արդյունքում»,- կարծում է ամերիկյան նախկին գործակալը:




























