Երեկ երեկոյան Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների՝ հայ-թուրքական հարաբերությունները վեց շաբաթում կարգավորելու Արձանագրություններում ամենամտահոգիչ փաստերից մեկը Հայոց ցեղասպանության ուսումնասիրման համար պատմաբանների հանձնաժողովի ստեղծումն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Նախկին արտգործնախարարը, մեկնաբանելով Շվեյցարիայի, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների հաղորդագրությունը՝ վեց շաբաթվա ընթացքում ձեռնամուխ լինել հարաբերությունների կարգավորմանը, նշեց. «Ամենամտահոգիչ պահը պատմաբանների հանձնաժողովի ստեղծման պայմանավորվածությունն է: Որոշ գաղտնազերծումներ եղան արդեն ապրիլի 22-ի համաձայնագրից հետո, դա ամենամտահոգիչ պահերից մեկն է: Հայաստանի իշխանություններին գրեթե մեկ տասնամյակ Թուրքիան առաջարկում է ստեղծել պատմաբանների հանձնաժողով՝ քննարկելու ցեղասպանության խնդիրները: Դա անընդունելի է: Հայաստանում չկա որեւէ քաղաքացի, որը կասկածի տակ կդնի ցեղասպանոթւյան պատմական փաստը, եւ նման հանձնաժողովի ստեղծումը պետք է մերժվեր անմիջապես»:
Ըստ Արզումանյանի՝ ԱԳՆ-ների երկու արձանագրոթյուններում կան մի շարք այլ մտահոգիչ պահեր: «Առաջինը, որի մասին մենք բազմիցս ահազանգել ենք, որ չի կարելի հայ-թուրքական մերձեցումը պայմանավորել ղարաբաղյան հակամարտությամբ: Երկրորդը, որ կողմերը չպետք է որեւէ նախապայման առաջ քաշեն: Երկուսն էլ ասում են, թե անհրաժեշտ է հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, բայց մենք ականատես ենք, որ երկուսն էլ նախապայմաննր են առաջ քաշում»,- ասաց Արզումանյանը, իսկ դիտարկմանը, թե վեց շաբաթ անց մոտենում է Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա մեկնելու ժամկետը, ասաց. «Ժամկետի առումով վեց շաբաթների ընթացքում կմոտենա Սերժ Սարգսյանի այցելության պահը: Դա Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս դեմքը փրկելու եւ ասելու, թե հարաբերությունները մոտ են բարելավման»:
Նախկին արտգործնախարարի համար անհասկանալի է նաեւ արձանագրություններում առկա վավերացման պահանջը: «Միջազգային պրակտիկայում նման ավանդույթ չկա, եւ կարելի է առանց խորհրդարանի վավերացնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունը»,- արձանագրեց Արզումանյանը եւ հավելեց. «Հայաստանը մոտ 140 երկրի հետ դիվանագիտական հարաբերություն ունի, ամեն մեկի հետ պայմանագիր է ստորագրել, եւ դրանցից որեւէ մեկը չի վավերացվել խորհրդարանում»:




























