Պաղեստինյան կողմը Մոսկվայի հետ քննարկում է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջեւ «հնարավորինս շուտ» հանդիպում անցկացնելու հնարավորությունը, Մադրիդում մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, Աբբասը պատրաստ էր հանդիպել Իսրայելի վարչապետ Նեթանյահուին առանց նախնական պայմանների, ցանկացած վայրում, «եթե դա կօգներ լուծել գրավված տարածքներում պաղեստինցիների խնդիրները»: «Սեպտեմբերի 8-ին հանդիպելու հնարավորություն կար, բայց Նեթանյահուն միտքը փոխել էր եւ ավելի շատ ժամանակ էր խնդրել: Մենք շարունակում ենք Մոսկվայի հետ բանակցությունները, որպեսզի հնարավորինս արագ անցկացնենք այդ հանդիպումը», — հայտնել է Պաղեստինի արտգործնախարարը: Նրա խոսքով, հանդիպման անցկացման ժամանակը եւ վայրը կորոշվի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից հետո:
Նա հավելել է, որ պաղեստինյան կողմը ֆրանսիական կողմի հետ քննարկում է «Իսպանիայում բարձր մակարդակի հանդիպում` Մադրիդ-2 անցկացնելու հնարավորությունը, ինչպես նաեւ մինչեւ դեկտեմբեր` այլ հանդիպումներ, «որոնք կամրապնդեն ֆրանսիական կողմի նախաձեռնությունները եւ կօգնեն «ճանապարհային քարտեզի» զարգացմանը»::





























