Վանաձորի քիմիական գործարանի գույքը չի հափշտակվում։ Այս մասին սեպտեմբերի 14-ին՝ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, ասել է էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Լեւոն Յոլյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Վայե Էնֆիաջյանի հարցին։

Յոլյանը հիշեցրել է, որ 2016–ի փետրվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը «Վանաձոր քիմպրոմ»–ը սնանկ է ճանաչել։ Նշանակվել է սնանկության կառավարիչ, եւ Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը Դուք կարող եք պարզել նրանից»,– ասել է նախարարի պաշտոնակատարը։

Նա հավելեց, որ մի քանի ամիս առաջ բարձրացվել էր «Քիմպրոմի»  գույքի հափշտակման մասին հարցը։ «Ես հայտարարել էի, որ դա բացառված է։ Հետո պատգամավորները կապ հաստատեցին ինձ հետ եւ խոստովանեցին, որ նման խնդիր չկա»,– ասել է նախարարը։

Նրա վերջին դիտարկումը տեղերում բուռն արձագանք առաջ բերեց։ «Մի՛ ասեք այն, ինչ չի եղել»,– բացականչեց պատգամավորներից մեկը։

Վանաձորի քիմիական գործարանի համալիրը ներառում է 3 միավոր՝ քիմիական գործարանը, քիմիական մանրաթելի գործարանը եւ ՋԷԿ–ը։ Ընկերությունը պատկանում էր Roding International Ltd–ին, որն անհրաժեշտ միջոցներ չէր ձեռնարկել արտադրության պահպանման եւ արդիականացման համար։