Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բողոքել է դրսից ճնշման փորձերից: 

Ելույթ ունենալով Բաքվում միջնակարգ դպրոցի նոր շենքի բացման արարողությանը` Ադրբեջանի նախագահը բողոքել է, որ «քիչ չեն նրանք, ովքեր ցանկանում են միջամտել մեր գործերին»:

«Այս տարիների ընթացքում տարբեր ժամանակահատվածներում մեր գործերին միջամտածները սեփական նպատակներն են հետապնդել:  Նրանց նպատակները չեն համընկնում մերի հետ: Մեր նպատակն անկախությունն է, ազատությունը, ժողովրդի բարգավաճումը:  Որոշ օտարերկրյա շրջանակների նպատակները լիովին այլ են` թելադրել  մեզ, Ադրբեջանը գործիքի վերածել, ջարդել ադրբեջանական ժողովրդի կամքը, իսկ հետո Ադրբեջանի նման հզոր երկիրն օգտագործել սեփական նպատակների համար: Իսկ դա կարող է մեզ համար աղետ դառնալ: Մենք տեսնում ենք այլ երկրների փորձը, նրանց ոչ վաղ պատմությունը:   Այն երկրներին, որոնք արտասահմանից են կառավարվում, ավերում են: Այն երկրները, որոնք դիմադրություն չեն ցուցաբերում   արտաքին բացասական ազդեցությանը, այդ երկրներին, նրանց ժողովուրդներին ոչնչացնում են», - ասել է նա:

Հիշեցնենք, որ վերջերս  Washington Post-ում քննադատական հոդվածին ի պատասխան, Ադրբեջանն ԱՄՆ-ում դեսպանին կանչել էր խորհրդակցության համար:  Այսօր ԱՄՆ-ի կոնգրեսում լսումներ են նախատեսված Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ: