Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու երկկողմանի հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաստորագրված արձանագրությունները հանդիսանում է Երեւանի արտաքին քաղաքականության կարճատեսություն, որը ընկել է փորձառու Անկարայի թակարդը։ Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ասել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։

Ըստ նրա, առանց նախապայմանների երկկողմանի հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի գործադրած ջանքերը չպսակվեցին հաջողությամբ, եւ Թուրքիան այդ արձանագրություններում հաստատել է նախկինում առաջ բերած բոլոր նախապայմանները։ «Փաստաթղթերում, մասնավորապես ասվում է՝ պատմական փաստաթղթերի եւ արխիվների ուսումնասիրության միջոցով երկու ժողովուրդների միջեւ պատմական հարթության վրա գտնվող առկա խնդիրների ճշգրտման եւ առաջարկների ձեւակերպման համար երկխոսություն իրականացնելու անհրաժեշտության մասին։ Սա անմիջականորեն առնչվում է 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում իրականացրած հայոց ցեղասպանության հարցին, եւ փաստաթուղթը փաստացի արձանագրում է այդ հարցի բացառապես պատմական տեսանկյունից վերանայումը»,-ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ նման փաստաթղթի ստորագրումը կտապալի հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործընթացը։ Սաֆարյանը նաեւ նշել է, որ Անկարան կարողացել է արձանագրության մեջ հաստատագրել եւս մեկ պայման՝ ներկա սահմանների փոխադարձ ճանաչում։ Քաղաքագետը կարծում է, որ դրույթը, որտեղ դատապարտվում է ահաբեկչությունը, բռնությունը եւ ծայրահեղությունը ուղակիորեն առնչվում է Լեռնային Ղարաբաղին եւ, փաստորեն, հայկական կողմի ձեռքերը կապում են ՝ ուժ գործադրելու անհրաժեշտության դեպքում։ «Տպավորություն է ստեղծվում, որ փաստաթուղթը գրված է բացառապես թուրքական կողմի թելադրանքով։ Ինչպիսի նպատակ էլ հետապնդեն այդ արձանագրությունները, նույնիսկ եթե դա հայ-թուրքական սահմանի բացումն է, Հայաստանի իշխանությունները իրավասու չեն վիճարկել նման հարցերը, եւ մոռացության տալ միլիոնավոր զոհերի հիշատակը»,- ասել է Սաֆարյանը։ Այն հարցին, թե արձանագրությունների ստորագրումը արդյո՞ք չի հանդիսանում միջազգային հանրության ճնշումների արդյունք, պատգամավորը պատասխանել է. «Կոնկրետ չեմ կարող ասել, բայց, միանշանակ է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ զրույցի ժամանակ Սերժ Սարգսյանի ձայնը ուժեղ դողում է»։

Նշենք, որ օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը եւ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունները մամլո հաղորդագրություն են տարածել, որի համաձայն «Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունները Շվեյցարիայի միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում համաձայնել են նախապես ստորագրած երկու արձանագրությունների շուրջ սկսել ներքաղաքական խորհրդատվություններ։ Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն 6 շաբաթվա ընթացքում, որից հետո երկու արձանագրություններն էլ կստորագրվեն եւ կներկայացվեն երկրների խորհրդարանների կողմից վավերացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։