ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին եւ նրա հետ քննարկել երկու երկրների քննչական մարմինների միջեւ համագործակցությունն առավել սերտացնելու հեռանկարները:

ՔԿ Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ երկու երկրների ժողովրդների բարեկամության ամրապնդման գործում։

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների` մասնավորապես իրավապահ մարմինների միջեւ ձեւավորված համագործակցության մակարդակը եւ հավաստել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ու առավել խորացնելու փոխգործակցությունը։

Վրաստանի նորանշանակ դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հյուրընկալման համար եւ վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորինը՝ հայ-վրացական հարաբերությունների զարգացումն ապահովելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը եւ Վրաստանի նորանշանակ դեսպանը անդրադարձել են ՀՀ քննչական կոմիտեի եւ Վրաստանի Հանրապետության քննչական մարմինների միջեւ համագործակցությունն առավել սերտացնելու հեռանկարներին: