Եթե փոխվեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայիս ցանկը, դարձյալ կներկայացվեին իշխող «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր ասել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են սատարում ընտրակեղծարարության մեջ մեղադրվող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եւ մյուս անդամների թեկնածությունը, որոնց նախօրեին առաջադրվել են ԱԺ պետաիրավական հանձնաժողովում։
«Ավելի լավ է այս կազմը, քան «Հանրապետական» կուսակցության կողմից ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Եթե փոփոխվեր այս ցանկը, դարձյալ իշխող «Հանրապետական» կուսակցությունը իր անդամներով էր ձեւավորելու ԿԸՀ հանձնաժողովը։ Ավելի լավ էր, որ մնա այս հանձնաժողովը, որը ավելի բազմաբնույթ է եւ աշխատանքային հարաբերություններ է արդեն ձեւավորել, քան մի նոր թիմ, որը կլիներ նույն իշխող «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներ։ Մենք գտանք, որ այստեղ անկուսակցական մարդիկ կան եւ նպատակահարմար գտանք իրենց թեկնածությունը սատարել, քան որ կուսակցական լինեն»,-պարզաբանել է Մհեր Շահգելդյանը։
Նա նշել է, որ միեւնույն է, ԿԸՀ ղեկավարին ընտրելու են պատգամավորները, իսկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում թեկնածուներ են ընտրում։
Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությամբ ԿԸՀ ղեկավարին ընտրում է Ազգային ժողովը։
Նշենք, նախօրեին ԱԺ պետաիրավական հանձնաժողովում 3/5-ով ԿԸՀ նախագահի պաշտոնի համար առաջարկվել է Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը: Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչները:





























