Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կայանալիք ռազմական շքերթի ընթացքում հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման նպատակով ՀՀ ոստիկանությունն անցկացնելու է հրապարակ ժամանող անձանց, հյուրերի եւ նրանց իրերի զննություն՝ հատուկ սարքերի միջոցով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մուտքը հանրապետության հրապարակ իրականացվելու է Բուզանդի, Արամի, Աբովյան, Նալբանդյան փողոցներով եւ Կառավարական տան հարակից զբոսայգով՝ ոստիկանության 5 հսկիչ անցագրային կետերով:
Զորահանդեսի ընթացքում ռազմական տեխնիկայի շարժի հետ կապված՝ քաղաքացիների մուտք չի լինելու Շահումյան հրապարակի, Տիգրան Մեծի պողոտայի եւ Ամիրյան փողոցի հատվածներից:
Մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ բացվելու են ժամը 8-ից։
Քաղաքացիներին խնդրում ենք ժամանել փոքր-ինչ շուտ՝ անվտանգության զննումներին բավարար ժամանակ տրամադրելու համար։
Արգելվում է միջոցառման վայր գալ ծակող-կտրող գործիքներով, ապակյա տարաներով, դյուրավառ նյութերով եւ նմանատիպ այլ իրերով ու առարկաներով:





























