Երեւանի բնակչուհի, երեք օր անհետ կորած եւ այսօր հայտնաբերված Ինեսա Սրապիոնյանի հայրը բաց նամակով դիմել է հասարակությանն ու լրատվամիջոցներին:

«Նեղ ընտանեկան կենցաղային խնդիրների պատճառով երեք օր առաջ դուստրս ինքնակամ հեռացել էր տանից եւ այսօր առավոտյան ինքնակամ վերադարձել է: Այս բոլոր երեք օր ու գիշերների ընթացքում ես եւ իմ ընտանիքը մշտապես զգացել ենք մեր ողջ հասարակության, լրատվամիջոցների եւ պատկան մարմինների զորակցությունն ու աջակցությունը, ինչի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլորից:

Միեւնույն ժամանակ չեմ կարող չնշել որոշ լրատվամիջոցների անմարդկային ստոր վարքագիծը, որոնք մեր ընտանեկան դրաման փորձեցին օգտագործել իրենց չեղած վարկանիշի բարձրացման կամ քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով: Հիշե՛ք, որ գրիչը զենք է, երբեմն մահացու, եւ այն օգտագործելուց առաջ մտածեք, թե ինչ եք անում»,- ասվում է Ինեսայի հոր՝ Կարեն Սրապիոնյանի նամակում:

Նշենք, որ Ինեսան Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի բնակչուհի է:Նա սեպտեմբերի 13-ին ժամը 15.30-ին դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել:

Ինեսա Սրապիոնյանը ԵՊԲՀ-ի շրջանավարտ է։