Բացարձակապես անհասկանալի կլինի, եթե Հայաստանի նոր կառավարության ծրագիրը չանդրադառնա այնպիսի հարցերի, որոնք նախատեսված են ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ համաձայնագրով: Այդ մասին սեպտեմբերի 16-ին Հայաստանի Ազգային Ժողովի ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտնել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ի պատասխան այն հարցին, թե ինչ ծրագրով պետք է առաջնորդվի վարչապետ Կարեն Կարապետյանը, Արմեն Ռուստամյանը նշել է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը դատարկ տեղ չի եկել: Նա եկել է ծրագրերի ընդունման եւ հաստատման տեսանկյունից արդեն ձեւավորված մթնոլորտ եւ չի կարող անտեսել դա: Այսինքն մենք Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ քաղաքական համաձայնություն ունենք»: Համաձայնությունը, շարունակել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը, անդրադառնում է Հայաստանի ներքին կյանքի գրեթե բոլոր ոլորտներին. Հստակ մոտեցումներ են սահմանված, գծված են հստակ քայլեր, որոնք անհրաժեշտ է կատարել: «Այժմ մենք մեր կոալիցիոն գործընկերների հետ աշխատում ենք այդ կոնկրետ քայլերի ուղղությամբ: Դա պետք է կառավարության նոր ծրագրի համար հիմք դառնա: Չի կարելի այդ ամենը մի կողմ թողնել եւ հանդես գալ լիովին նոր ծրագրով, որը կապ չի ունենա մեր քաղաքական համաձայնագրի հետ», - ընդգծել է Արմեն Ռուստամյանը:





























