Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ եւ քննարկել Սիրիայում իրավիճակը: Այդ մասին հայտնում է ռուսաստանյան արտաքին գերատեսչության կայքը: 

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: 

«Դիտարկվել է սեպտեմբերի 9-ի ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որը նախատեսում է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդում (ՌԳԴՌ), խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրում եւ ահաբեկիչների դեմ համատեղ պայքար», — ասված է հաղորդագրության մեջ: 

Սերգեյ Լավրովը Քերրիի ուշադրությունն է հրավիրել նաեւ այն բանի վրա, որ մի շարք անօրինական զինված խմբավորումներ հրաժարվում են միանալ հրադադարին: 

Բացի այդ, ՌԴ արտգործնախարարը հետեւողականորեն առաջարկել է հրապարակել սիրիական կարգավորման վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները «բացառելու միջազգային հանրության կողմից դրանց իրականացման հետ կապված իրավիճակի ընկալման ցանկացած երկիմաստություն»: