Սեպտեմբերի 16-ին Ֆրիբուրգում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարական Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեն:

Կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական օրակարգի, առեւտրատնտեսական, հյուպատոսական, իրավապայմանագրային ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարեւորվեց Շվեյցարիայի զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում հաջողությամբ իրականացվող ծրագրերի շարունակումը:

Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: