Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկել է հավաք՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի:

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, կազմակերպիչները հայտարարել են, որ այսպիսի հավաքներ անցկացվում են այսօր աշխարհի 14 քաղաքներում:

«Աշխարհի 14 քաղաքներում այսօր ցույց են անցկացնում՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի: Սա նաեւ համերաշխության ցույց է: Մեր հայրենակիցները այս կերպ ցույց են տալիս, որ չեն մոռացել իրենց հայրենիքը եւ մեր կողքին են: Եթե նորմալ երկիր լինի, ապա մի ստվար զանգված կմտածի Հայաստան վերադառնալու մասին: Մենք պետք է մեծացնենք մեր բնակչությունը նաեւ ներգաղթի շնորհիվ»,- ասել է «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իր ելույթում անդրադարձավ նախօրեին Էջմիածնում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ կատարվածն ինքնին ապացուցում է, թե ինչ իրավիճակ է տիրում ամբողջ Հանրապետությունում:

«Խոսուն փաստ է նաեւ Հրազդանում 7-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդին՝ հոր կողմից դանակահարելը: Սա նշանակում է, որ որդուն կորցրած հայրը չի հավատում դատարաններին, այստեղ անարդարություն է տիրում: Այսօր Հայաստանից հեռանում են մարդիկ ոչ թե սոցիալական վատթար վիճակից, այլ անարդարությունից: Հայերը սկսել են արտագաղթել, երբ 1990-ականներին ընտրություններն առաջին անգամ կեղծվեցին: «Սասնա ծռերն» էլ հենց արդարություն են պահանջում»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Հավաքն անցկացվում է մութ պայմաններում, Ազատության հրապարակում միացված չէ էլեկտրականությունը:

Նշենք, որ ուղիղ երկու ամիս առաջ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ոստիկանության պարեկապահակային գունդը: