Հայաստանի մի շարք համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով: 

Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի փոխանցմամբ,

այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել են լրագրողների եւ դիտորդների գործունեությանը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին ուղղորդելու մասին ահազանգեր: Մանրամասն ուսումնասիրվում են զանգածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները: Դրանց թվում արդեն իսկ արձանագրվել են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ առերեւույթ պարունակող արարքներ:

Խախտումների վերաբերյալ բոլոր տվյալները սահմանված կարգով ուսումնասիրելու եւ ամփոփելուց հետո կուղարկվեն քրեական հետապնդման հարուցման հարցի լուծման նպատակով:

Պաշտպանի աշխատակազմի կողմից ողջ օրվա ընթացքում շարունակվելու են մշտադիտարկման եւ ուսումնասիրության աշխատանքները: