Ամերիկացի հետազոտողները հրապարակել են երեք տեղանոց սուզանավով ստորջրյա Կուկա հրաբխի հետազոտման արշավի արդյունքները, հրաբուխը գտնվում է Հավայան կղզիների մոտակայքում, հայտում է St. Louis Post-Dispatch թերթը:

Չորս կմ խորության վրա գտնվող ստորջրյա հրաբխի հետազոտման արշավի ընթացքում հետազոտողները միանգամից մի քանի բացահայտում են արել:  Նախ`  ութոտնուկի նոր տեսակ են հայտնաբերել, որի հսկայական լողակները հիշեցնում են «Դամբո» մուլտֆիլմի փղիկի ականջները: Երկրորդ` գիտնականները մանուշակագույն մարջանի նոր տեսակ են հայտնաբերել, որն անվանել են «Մանուշակագույն մշուշ» (Purple Haze) ի պատիվ Ջիմի Հենդրիքսի երգի: 

Հետազոտողները պնդում են, որ հրաբխի շրջանում` հատակում բազմաթիվ գիտությանն անհայտ կենդանիներ կարող են լինել: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այնպիսի տեսակների, որոնք լույսի առկայության կարիք չունեն: 

Ամերիկացի գիտնականները նախատեսել են արշավներ իրականացնել եւս  50 ստորջրյա հրաբխի վերաբերյալ, որոնք գտնվում են Հավայան կղզիների մոտերքում: