Թաուերյան կամուրջը, որը Լոնդոնի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդանիշներից մեկն է, 2016 թվականի հոկտեմբերի  1-ից կփակվի վերանորոգման համար: Վերջին անգամ օբյեկտում լայնածավալ նորոգման աշխատանքներ են իրականացվել ավելի քան   35 տարի առաջ: Հանրային տրանսպորտի, ավտոմեքենաների վարորդների եւ հեծանվորդների համար արդեն կամրջի շրջանցման տարբերակներ են մշակվել, հայտնում է   Evening Standard-ը:

Քաղաքի իշխանությունները զգուշացրել են, որ կամրջի փակումը կարող է Լոնդոնով անցնող Թեմզա գետի երկու ափին էլ տրանսպորտային իրավիճակի վատացման հանգեցնել երեք հանգստյան օրվա ընթացքում, սկսած 2016 թվականի նոյեմբերի  26-ից:

Պարբերականը նշում է, որ նորոգման աշխատանքների անցկացումը հատուկ պլանավորել են այն ժամանակաշրջանի համար, երբ Թեմզայով նվազագույն քանակությամբ նավեր են անցնում: Ենթադրվում է, որ 122-րդ կամրջի վրա կփոխեն տախտամածները, ճանապարհային ծածկույթի նորոգում կիրականացնեն, կնորացնեն շինության մեխանիկական համակարգերը:  

Քաղաքի տրանսպորտային կոմիտեի նախագահ Քրիս Հեյվորդը հայտնել է, որ վերջին անգամ Թաուերյան կամուրջը լուրջ վերանորոգման է ենթարկվել ավելի քան  35 տարի առաջ:   

Ամեն օր կամրջով մոտ 40  հազար մարդ է անցնում, որոնցից 21 հազարը` մեքենաներով:

Թաուերյան կամուրջը բացել են 1894 թվականին, նրա երկարությունը 244 մ է կազմում, շինության երկու աշտարակի բարձրությունը 65 մ-ի է հասնում: Ի սկզբանե կամուրջն օրվա ընթացքում բացում էին տասնյակ անգամներ, բայց հետագայում բացումների թիվը կրճատել են մինչեւ շաբաթը չորս-հինգ անգամ: