Մալայզիացին երեք շաբաթ շարունակ ապրել է Սինգապուրի միջազգային օդանավակայանում, հայտնում է Stuff-ը:

33-ամյա Ռեյջալի Բունտուտը օգոստոսի 21-ին ուշացել է Կուալա Լումպուր (Մալայզիա) ավիաչվերթից եւ 18 օր մնացել է Չանգի օդանավակայանում: Տղամարդը բազկաթոռներին է քնել, սնվել է հանգստի գոտում եւ ցնցուղ է ընդունել տերմինալում:

Straits Times-ը նշում է, որ տարանցման գոտում գտնվելու ընթացքում նախկին բիզնեսմենը 31 վայրէջքային տոմս է կեղծել: Այդպիսով նրան հաջողվել է օգտվել երեք տերմինալների հանգստի գոտիներից։ Դրանցից մեկի աշխատակիցը նկատել է Բունտուտի հաճախակի այցելությունը եւ այդ մասին հայտնել է ոստիկաններին: Դատաքննության արդյունքում մալայզիացուն դատապարտել են երկու շաբաթվա ազատազրկման: